Իրադարձություններ Հայաստանում
Սրտաբանության, առիթմոլոգիայի վիճահարույց խնդիրներն ու բուժման նոր ուղությունները քննարկվեցին «Սեմինար 2014»-ում
Հուլիսի 18-19-ը «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Մալաթիա» ԲԿ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի կողմից կազմակերպված «Սեմինար 2014»-ը: Սեմինարին մասնակցում էին ո՛չ միայն երևանյան բժշկական կենտրոնների բժիշկները, այլև մարզային բժիշկներ: Նատալի Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնն առաջին անգամ չէ, որ նմանատիպ սեմինար է կազմակերպում:
Այդ մասին ավելի մանրամասն զրուցեցինք Մալաթիա բժշկական կենտրոնի ուսումնական ծրագրերի ղեկավար, սրտաբան Մարիամ Սապոնջյանի հետ:
– Մանրամասնեք, խնդրե՛մ, սեմինարի մասին` որպես ամբողջական ծրագրի մի մաս:
– Տարեկան 2 անգամ սեմինարների շարք ենք նախաձեռնում, որն ուսուցողական, փորձի փոխանակման նպատակ է հետապնդում: Տարբեր շրջանների և Երևան քաղաքի բժիշկները քննարկում են կլինիկական դեպքերը, սեփական մոտեցումներն ու մասնագիտական խնդիրները: Մասնավորապես, այս սեմինարին ներկայացրեցինք կլինիկայում կատարվող բազմատեսակ միջամտություններ` կապված սրտի ռիթմի խանգարումների և սրտի իշեմիկ հիվանդության բուժման հետ: Ներկայացրեցինք նաև գիտության առաջընթացները, միջազգային նորությունները սրտաբանության բնագավառում, որպեսզի սեմինարների միջոցով տեղամասային սրտաբանները և ընտանեկան բժիշկները ևս տեղյակ լինեն սրտաբանության ոլորտի նորություններին:
– Շարունակական կլինի՞ սեմինարների այս ծրագիրը:
– Սեմինարների շարքը շարունակվելու է, հետագայում ընդգրկելու ենք տարբեր թեմաներ բժշկության տարբեր ոլորտներից: Ցանկացած սեմինարի ընթացքում հարցաթերթիկներ ենք բաժանում մասնակիցներին, որը լրացնելու միջոցով նրանք կարող են առաջարկել իրենց հետաքրքրող թեմաները: Սա օգնում է միշտ հրատապ թեմաներ ընտրել և, իսկապես, օգտակար լինել մեր մասնագետներին:
– Այս սեմինարի առանձնահատկության, կարևորության մասին խոսենք…
– Ներկա սեմինարը մի փոքր ուշացումով կայացավ բժիշկ Կարապետ Դավթյանի մասնակցության համար: Նա Մոսկվայից է ժամանել, Մալաթիա բժշկական կենտրոնի սրտաբանական, առիթմոլոգիական բաժանմունքում կատարում է շատ բարդ միջամտություններ և սեմինարին պետք է հետաքրքիր զեկույց ներկայացներ նախասրտերի շողացման բուժման նորությունների մասին: Շողացման բարդությունը` ինսուլտը, կարելի է կանխարգելել միջամտական մեթոդով, որի մասին էլ խոսեց բժիշկ Կարապետ Դավթյանը:
Զրուցեցինք նաև Մոսկվայի Կանխարգելիչ բժշկության կենտրոնի սրտաբան, բ.գ.դ. Կարապետ Դավթյանի հետ:
– Ի՞նչ նշանակություն ունեն այսպիսի սեմինարները ընդհանուր բժշկության ոլորտի զարգացման գործում:
– Այսպիսի ուսուցողական սեմինարներն արդեն երկար տարիների պատմություն ունեն: Մենք ակնհայտ տեսնում ենք դրանց արդյունավետությունը: Այսօր շատ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում որևէ հիվանդ սրտի իշեմիկ կաթվածի դեպքում ճիշտ և ժամանակին ախտորոշում չկարողանա ստանալ: Դրա պատճառը նաև այսպիսի սեմինարներն են, որոնք ստիպում են բժիշկներին ավելի ակտիվ լինել իրենց աշխատանքում: Վերջերս Կրասնոդարում մի դեպք պատահեց, երբ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող պացիենտին մոտ 4 օր բուժում էին թոքային հիվանդությունից: Երբ խոսում էի տեղի բժիշկների հետ, զարմանքով նկատեցի, որ աներևակայելի թվաց` 4 օր հիվանդին չկարողանալ ինֆարկտ ախտորոշելը: Քանի որ ֆինանսական տեսանկյունից Հայաստանը մի փոքր մեկուսացված է ամբողջ աշխարհից, ոչ բոլոր բժիշկները հնարավորություն ունեն մասնակցելու միջազգային կոնֆերանսներին, ծանոթանալ համաշխարհային տենդենցներին, այսպիսի սեմինարները մասամբ փոխարինող դեր ունեն և հնարավորություն են տալիս բժիշկներին փոխանակել իրենց փորձը, ծանոթանալ ոլորտի խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին:
– Այսօրվա Ձեր զեկույցը նվիրված էր գլխուղեղի կաթվածի միջամտական կանխարգելմանը: Ի՞նչ մեթոդի մասին է խոսքը:
– Այն միտքը, թե կաթվածն անբուժելի հիվանդություն է, վաղուց արդեն գոյություն չունի բժշկության մեջ: 90% կաթվածների պատճառը բավականին պարզ է: Դրանք հիմնականում հիպերտոնիկ հիվանդության հետևանք են: Մյուս խմբի կաթվածներն առաջանում են ուղեղը սնուցող անոթների մեջ ճարպագնդերի կուտակման պատճառով: Կան մի խումբ հիվանդներ, երբ նախասրտերի շողացման հետևանքով է զարգանում կաթվածը: Այսպիսի կաթվածներն ընդհանուր դեպքերի 20%-ն են կազմում: Հենց այս կաթվածներն են դառնում մահվան պատճառ: Այս հիվանդների` կաթվածներից զերծ մնալու միակ ճանապարհն արյունը հեղուկացնող դեղորայքի օգտագործումն է: Մյուս կողմից, այդ հիվանդի արյան մակարդելիությունը սովորականից ցածր է և նման միջամտությունը կարող է արյունահոսությունների առաջացման վտանգ լինել: Ըստ ուղեցույցի` նախևառաջ հայտնաբերելով հիվանդին, որն ունի շողացող առիթմիա, պետք է գնահատել ռիսկի գործոնները: Եթե կաթվածի ռիսկը բարձր է, անմիջապես նշանակվում է դեղորայք, որը հեղուկացնում է արյունը: Միևնույն ժամանակ, գոյություն ունի մեկ այլ աղյուսակ, որը գնահատում է արյունը հեղուկացնող այդ միջոցի ընդունման ժամանակ արյունահոսության ռիսկը: Եթե այդ ռիսկը բարձր է, բժիշկը կանգնում է շատ բարդ ընտրության առաջ: Հենց այս պարագայում ի հայտ է գալիս մեկ այլ տարբերակ, որի մասին այսօր զրուցելու ենք: Սա միջամտություն է, որը փակում է սրտի մի փոքրիկ խոռոչ, որտեղ կուտակվում են այդ մակարդուկները: Խցանի պես ծածկելով այդ տարածքը, հիվանդը կարող է, առանց արյունը հեղուկացնող դեղամիջոցներ օգտագործելու, զերծ մնալ կաթվածներ ստանալու վտանգից: Ճիշտ է, ուղեցույցում այն երկրորդական տեղ է զբաղեցնում, բայց այս ուղեցույցը գրվել է դեռ 2012-ին և մինչև օրս չի վերանայվել: Այն ժամանակ դեռ չկային այդքան ուսումնասիրություններ այս նոր մեթոդի վերաբերյալ:
Մեր հաջորդ զրուցակիցը «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Նարինե Գոջաբաշյանն է:
– Ի՞նչ զեկույց այսօր ներկայացրեցիք:
– Իմ զեկույցը նվիրված էր սրտի կորոնար հիվանդության կայուն տարբերակի ուղեցույցին, որը վերանայվել է 2013թ.: Եղած տարբերակը որոշակի փոփոխությունների է ենթարկվել բուժման պրակտիկայի, հետազոտությունների նշանակության, նրանց արդյունավետության վերաբերյալ: Այս բոլորը պետք է նպաստի հիվանդների ավելի ճշգրիտ ախտորոշմանը և, դրա արդյունքում, ավելի արդյունավետ բուժում նշանակելուն:
– Մասնավորապես, ո՞ր դրույթներում է փոխվել ուղեցույցը:
– Հիմնաքարը նույնն է մնացել` կանխարգելում, ախտորոշում, օպտիմալ բուժում: Վերանայվել է ինվազիվ և ոչ ինվազիվ հետազոտությունների նշանակությունը, առաջնությունը: Եթե նախկինում մենք այն որակավորում էինք կայուն ստենոկարդիա, ապա այժմ այն ավելի լայն է ընկալվում` կայուն կորոնար ախտահարում: Այստեղ արդեն կարևոր չէ` նեղացում կա, թե՝ ոչ, քանի աստիճան է այն, նախկինում վիրահատվել է պացիենտը, թե՝ ոչ: Քանի որ իշեմիկ հիվանդությունը բազմաբնույթ և բազմաձև ներկայացվածություն ունի, պետք է որոշակի համախմբվածություն լինի, որպեսզի մոտեցումները, վարումը, գնահատականը նույնացվի, բայց, չմոռացվի յուրաքանչյուր հիվանդի անհատական դեպքը:
– Ի՞նչն է շեշտադրված այս պարագայում:
– Ես այն երջանիկ բժիշկներից եմ, ով աշխատում է տեխնիկապես հագեցված կենտրոնում, բայց, հավատացեք, միջամտությունների առավելությունը չէ, որ մենք այսօր քննարկում ենք: Ինչքան ընդարձակ լինենք տեխնիկական ու մասնագիական հմտությունների առումով, դեպքեր կան, երբ պացիենտի անհատականությունը առաջ է բերում սահմանափակում: Դրա համար շեշտադրվում է կանխարգելումը, դեղորայքային բուժումն ու դինամիկ հսկողությունը:
– Ի՞նչ խնդիր եք տեսնում այս ոլորտում, որի մասին կցանկանայիք բարձրաձայնել մեր էջերից:
– Մենք բժշկության բոլոր օղակներում ունենք գրագետ սրտաբաններ, ընտանեկան բժիշկներ: Մենք հասել ենք մի շրջանի, երբ բժիշկները շատ հաճախ դիմում են երկրորդ կարծիքի օգնությանը, չեն զլանում մի քանի անգամ տարբեր օղակներով ստուգել իրենց: Հիմնահարցերից մեկը պացիենտին կրթելն է: Նա պետք է ճանաչի իր հիվանդությունը, իմանա ինչից զգուշանալ, ինչին ուշադրություն դարձնել: Սովետական ժամանակաշրջանում պոլիկլինիկաներում մենք տեսնում էինք հիվանդության մասին հետաքրքիր պաստառներ, նախազգուշացնող հայտարարություններ: Պետք է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը հաճախ հանդիպող հիվանդությունների մասին: Պետք է զարգացնել բժշկին, մասնագետին դիմելու մշակույթը, որի պակասը, շատ հաճախ, անդառնալի դեպքերի պատճառ է դառնում:
Սեմինարի կարևորության մասին զրուցեցինք Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի ամբուլատորիայի բժիշկ, ընտանեկան բժիշկ Լուսիկ Մնացականյանի հետ:
– Ի՞նչ կարևորություն ունեն նմանատիպ սեմինարները հատկապես մարզերում աշխատող մասնագետների համար:
– Արդեն քանի տարի է, ինչ նմանատիպ սեմինարներ են կազմակերպվում: Մեր մարզային բժիշկներն ակտիվորեն մասնակցում են, ինչը կարևոր է՝ ամրապնդելու արդեն ունեցած գիտելիքները, ստանալու նոր տեղեկատվություն ոլորտի մասին, քննարկելու դեպքեր, որոնք կարող են հանդիպել յուրաքանչյուր բժշկի պրակտիկայում: Հարցուպատասխանի միջոցով կարողանում ենք փորձի փոխանակում իրականացնել, ինչն այսօր անհրաժեշտություն է: Բժշկի աշխատանքը չի սահմանափակվում միայն 4 պատերի մեջ: Այն, ինչ մենք ստանում ենք այս միջավայրում, պետք է հաջողությամբ կիրառենք աշխատանքային պրակտիկայում: Այսպիսի միջոցառումների արդյունավետությունը յուրաքանչյուրս զգում ենք մեր աշխատանքային առօրյայում:
Մեր զրուցակից Քաղաքային շտապօգնության սրտավերակենդանացման բրիգադայի կարդիոռեանիմատոլոգ, «Էրեբունի» բժշակական կենտրոնի սրտավերակենդանացման բրիգադայի կարդիոռեանիմատոլոգ Ռոմիկ Հարությունյանը ևս խոսեց սեմինարի նշանակության մասին:
– Ողջունում եմ այսպիսի միջոցառումները: Սա շատ կարևոր է պրակտիկ բժիշկների համար, մենք փոխանակում ենք մեր փորձը, ծանոթանում արդի գիտատեխնիկական բազային, համաշխարհային տենդենցներին: Այսպիսի հանդիպումները կարևոր են նաև նոր դեղամիջոցներին ծանոթանալու, մեթոդական ուղեցույցների քննարկման տեսանկյունից:
– Այսօրվա գրեթե բոլոր թեմաները առիթմոլոգիայի հետ են առնչվում: Կցանկանայի առանձնացնեիք այն թեման, որը, որպես պրակտիկ բժշկի, Ձեզ ամենաշատն է հետաքրքրում:
– Որպես շտապօգնության բժիշկ, կցանկանայի խոսվեր ուրգենտ առիթմոլոգիայի մասին: Ցանկացած բժիշկ-սրտաբան պարտավոր է քաջ տիրապետել ռիթմի կրիտիկական խանգարմանը, որը հիվանդին անմիջապես մահվան է բերում: Կցանկանայի լսել ժամանակակից բուժօգնության, սարքային, դեղորայքային միջամտության մասին:
Սեմինարին իր զեկույցը ներկայացրեց նաև «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի սրտաբան Նունե Դավթյանը:
– Ի՞նչ զեկույց եք ներկայացրել այսօր:
– Այսօր խոսել եմ բետտա պաշարիչների շարքում «Նեբիվալոլի» դերի մասին: Քանի որ շուկայում շատ են բետտա պաշարիչները և շատ լայն կիրառություն ունեն, ընտրությունը դժվար է: Իմ զեկույցը նորություն չէ, այն պարզպաես հիշեցնելու է, թե ո՞ր հիվանդությունների դեպքում է կիրառելի «Նեբիվալոլը», ի՞նչ ազդեցություն ունի, ի՞նչ չափաբաժնով պետք է կիրառել տարբեր դեպքերում:
– Կոնկրետ Ձեր պրակտիկայում ի՞նչ կիրառություն ունեն բետտա պաշարիչները:
– Անկախ իմ մոտեցումից` բետտա պաշարիչները տարիների ընթացքում էվոլուցիա են ապրել: Եթե ի սկզբանե շարքը ստեղծվել է որպես հակագերճնշումային միջոց, ապա տարիներ հետո հայտնագործվել են խմբի այլ հատկություններ, որոնք հնարավորություն են տվել լայնացնել կիրառելիությունը: Նրանք նշանակվում են որպես հակաիշեմիկ, հակաառիթմիկ, սրտային անբավարարությունը կանխող միջոցներ: Որպես վերջին` 3-րդ սերնդի ներկայացուցիչ, այժմ լայնորեն կիրառվում է Նեբիվալոլը: |Շնորհակալություն եմ հայտնում «Շտադա» ընկերությանը նման միջոցառումների կազմակերպմանը աջակցելու և հովանավորելու համար:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն